Աղբիւր՝ www.aztagdaily.com
8-ից 9 օգոստոսի լուսացող գիշերը, ղարաբաղեան-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գիծի հարաւային (Հադրութի) եւ հարաւ-արեւելեան (Մարտունիի) ուղղութիւններով հակառակորդը մէկ անգամ եւս ձեռնարկել է ներթափանցման փորձերի, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան բանակի մամլոյ ծառայութիւնը:
«Պաշտպանութեան բանակի յառաջապահ ստորաբաժանումները, ժամանակին նշմարելով ադրբեջանական բանակի յատուկ ջոկատների յառաջխաղացումը, ձեռնարկել են կանխարգելիչ գործողութիւնների, որոնց շնորհիւ հակառակորդը կրելով կորուստներ, յետ է քաշւել իր սկզբնական դիրքերը»,- ասւած է պաշտպանութեան բանակի հաղորդագրութեան մէջ:
Միւս կողմից, շաբաթ եւ կիրակի առաւօտեան Ադրբեջանի զինւած ուժերը խախտել են զինադադարի դրութիւնը Տաւուշի մարզի Վազաշէն, Այգեպար եւ այլ գիւղերի ուղղութեամբ: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի հանրապետութեան Պաշտպանութեան նախարարութեան բանբեր Արծրուն Յովհաննիսեանը` «ֆէյսբուք»-ի իր էջի վրայ:
«Հակառակորդը մէկ անգամ եւս դիմել է արկածախնդրութեան` խախտելով զինադադարի դրութիւնը: Մասնաւորապէս, տարբեր տրամաչափի զէնքերից եւ յատկապէս այրող փամփուշտներով կրակել է Տաւուշի մարզի Վազաշէն, Այգեպար եւ մի քանի այլ գիւղերի ուղղութեամբ»,- նշել է Յովհաննիսեանը: «Հայաստանի հանրապետութեան զինեալ ուժերի կտրուկ պատասխանից յետոյ, որ եղել է միայն իրենց դիրքերի ուղղութեամբ, կրակոցները դադրեցւած են: Մէկ անգամ եւս զգուշացնում ենք, որ միջադէպերի եւ նրանց հետեւանքների ամբողջ պատասխանատուութիւնը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը»,- ասել է Յովհաննիսեանը:
Նշենք, որ Ադրբեջանն իր կարգին զինադադարի դրութեան խախտման մէջ մեղադրում է հայկական կողմը: Ադրբեջանական Ա.Փ.Ա. լրատու գործակալութիւնը տեղեկացրեց, որ շաբաթ երեկոյեան, թովուզի շրջանի մէջ «հայկական ուժերի կողմից զինադադարի դրութեան խախտման պատճառով սպաննւել է Ադրբեջանի զինեալ ուժերի զինւորական ծառայող Ֆաթալիզատեհ Ռուֆատ Նազիմ Օղլուն»: Գործակալութիւնը տեղեկացնում է նաեւ, որ շաբաթ երեկոյեան հայ-ադրբեջանական սահմանի Գետաբեկի շրջանում վիրաւորւել է ադրբեջանցի զինւորական ծառայող Օրհան Գալիպ Օղլուն:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան բանակի մամլոյ ծառայութիւնը տեղեկացնում է, որ 9-ից 10 օգոստոսին սահմանագծի ամբողջ երկարութեամբ հակառակորդի կողմից զինադադարի դրութիւնը խախտւել է մօտաւորապէս 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զէնքերով հայ դիրքապահների ուղղութեամբ արձակւել է աւելի քան 6500 կրակոց, որ նախորդ օրերի հետ բաղդատելով զգալիօրէն պակաս է:
Պաշտպանութեան բանակի յառաջապահ ուժերը հաւատարիմ են մնացել զինադադարի դրութեան պահպանման եւ պատասխան գործողութիւնների են դիմել միայն խիստ անհրաժեշտութեան պարագային: